We Are Awesome Folow Us

Order by November 20th for delivery by Christmas.

Թումո ստուդիաների կրթական ծրագիր


Մեր մասին

Թումո ստուդիաները արհեստի և դիզայնի ոլորտի կրթական ծրագիր է երիտասարդ մասնագետների համար:

Մենք կապեր ենք ստեղծում 16-ից 28 տարեկան ուսանողների և տեղական ու միջազգային արտիստների միջև նախագծերի և աշխատարանների միջոցով, որոնց ընթացքում նրանք ձեռք են բերում հմտություններ և բացահայտում են իրենց ստեղծագործական ներուժը 10 հիմնական ոլորտներում` ոսկերչություն, խեցեգործություն, ասեղնագործություն, տպագրություն, նորաձևություն, աքսեսուարների դիզայն, փայտի փորագրություն, քարի փորագրություն, արտադրադրական դիզայն և խոհարարություն:

Ծրագիրը

Թումո ստուդիաների կրթական ծրագիրը կազմված է 3 մոդուլներից և ռեզիդենտությունից: Ծրագիրն ունի մոտավոր ժամանակացույց, որը կարող է փոփոխությունների ենթարկվել կախված մասնակցից:

ՄՈԴՈՒԼ 1` հիմունքներ

Ձեռք բերեք հմտություններ սկսնակների համար նախատեսված տեխնիկական դասընթացների ժամանակ: Տեխնիկական դասընթացները առկա են ոսկերչության, խեցեգործության, նորաձևության և տպագրության ոլորտներում:

Տևողություն` 3 ամիս
Աշխատարաններ` չկան

ՄՈԴՈՒԼ 2` մասնագիտացում

Մասնակցեք միջին բարդության տեխնիկական դասընթացների և մասնագետների հետ աշխատարանների: Դուք կսկսեք մասնագիտանալ ոլորտներից մեկում և ստեղծել արտադրանքի ձեր պորտֆոլիոն:

Եթե ձեր արտադրանքը ներառվում է Թումո ստուդիաների հավաքածուի մեջ, դուք դրա վաճառքից գոյացած շահույթից որոշակի մասնաբաժին կստանաք: Մոդուլ 2-ից սկսած դուք նաև հնարավորություն կստանաք աշխատել Թումո ստուդիաների արտադրանքի ստեղծման վրա:

Տևողություն` 6 ամիս
Աշխատարաններ` 3-ից 6

ՄՈԴՈՒԼ 3` արհեստավարժություն

Այս փուլում դուք կանցնեք տեխնիկական դասընթացների ամբողջովին նոր մակարդակի և ավելի կհմտանաք արհեստի ձեր ոլորտում` մասնակցելով էլ ավելի շատ աշխատարանների: Ավելի շատ աշխատարաններ` ավելի մեծ պորտֆոլիո, ավելի շատ արտադրանք և ավելի շատ գիտելիք:

Տևողություն` 9 ամիս
Աշխատարաններ` 6-ից 9

Ռեզիդենտություն և պրակտիկա

Մեկ տարվա ավարտին դուք կդառնաք Թումո ստուդիաների ռեզիդենտ: Դուք կնախագծեք և կստեղծեք արտադրանքի օրիգինալ հավաքածու Թումո ստուդիաների համար և հնարավորություն կստանաք մասնակցել խմբակային ցուցահանդեսնների: Կսովորեք արտադրության, մարքեթինգի և վաճառքի մասին։ Որպես ռեզիդենտ՝ դուք հնարավորություն կստանաք անցնել պրակտիկա Հայաստանում և արտերկրում:

Տևողություն` 1 տարի
Աշխատարաններ` 12-ից 15

Հաճախ տրվող հարցեր

Ո՞վ կարող է դառնալ Թումո ստուդիաների ուսանող։

Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտի կարգավիճակ ունեցող 16-ից 28 տարեկան յուրաքանչյուր ոք կարող է դառնալ Թումո ստուդիաների ուսանող: Փորձն ու հիմնարար գիտելիքները մեր թիրախային ոլորտներում պարտադիր չեն:

Ինչպե՞ս դառնալ Թումո ստուդիաների ուսանող։

Լրացրեք Թումո ստուդիաներին միանալու համար դիմումը օնլայն կամ անձամբ ներկայանալով Ստուդիաներ:

Թումո ստուդիաներին միանալու համար չկան վերջնաժամկետներ: Ընդունելությունն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում:

Ծրագիրը վճարովի՞ է։

Թումո ստուդիաները շահույթ չհետապնդող կրթական ծրագիր է: Մոդուլ 1-ի տեխնիկական դասընթացներն ու որոշ աշխատարաններ ուսանողների համար անվճար են:

Ուսումը շարունակելու համար` Մոդուլ 2-ի ուսանողները վճարում են 300 դոլար դեպոզիտ: Ծրագրի ավարտին` 1 տարվա ռեզիդենտությունից հետո, դեպոզիտը ամբողջովին վերադարձվում է:

Ծրագիրը չավարտելու դեպքում դեպոզիտը չի վերադարձվում:

Ի՞նչ է տեխնիկական ծրագիրը։

Թումո ստուդիաներն առաջարկում է ոսկերչության, կավագործության, նորաձևության և տպագրության տեխնիկական դասընթացներ։ Դրանք վարում են Թումո ստուդիաների մասնագետները։ Յուրաքանչյուր դասընթաց ունի երեք մակարդակներ, որոնք ուսանողներին տալիս են հիմք հետագայում դիզայնի աշխատարաններին մասնակցելու համար։

2-րդ մոդուլին անցնելու և աշխատարաններին մասնակցելու համար հարկավոր է ավարտած լինել առնվազն մեկ մակարդակի տեխնիկական դասընթաց։ 

Յուրաքանչյուր տեխնիկական դասընթաց ենթադրում է տարբեր ժամանակացույց: Ուսանողները դիմելիս հնարավորություն կստանան որոշել իրենց ժամանակացույցը: Նրանք կարող են նաև մասնակցել միաժամանակ մի քանի դասընթացների` պայմանով, որ նրանք կլրացնեն յուրաքանչյուրի համար նախատեսված ժամերը:

*Տեխնիկական դասընթացները չեն սահմանափակում աշխատարանների շրջանակը: Օրինակ` ուսանողը, ով մասնակցել է ոսկերչության տեխնիկական դասընթացների կարող է մասնակցել տպագրության աշխատարանների:

Ի՞նչ է դիզայնի աշխատարանը։

Դիզայնի աշխատարանը Թումո ստուդիաների 10 ոլորտներից որևէ մեկում կրթական դասընթաց է, որը վարում է հյուր-դասընթացավար Հայաստանից և արտասահմանից։

Աշխատարանը կարող է տևել երկու շաբաթից մինչև մեկ ամիս։ Դրանք անց են կացվում երկուշաբթիից մինչև ուրբաթ՝ 15։30-ից 20։00-ն։

Դիզայնի աշխատարանները հայտարարվում են մեկնարկից մեկ ամիս առաջ։ Տեղերը սահմանափակ են։

Հիմնական ծրագիրն ավարտելու համար հարկավոր է մասնակցել առնվազն 12 դիզայնի աշխատարանի։

Որքա՞ն է ծրագրի տևողությունը։

Ամբողջ ծրագիրը կարող է տևել 2-ից 3 տարի։

Թումո ստուդիաները բաց է երկուշաբթիից շաբաթ՝ 11։00-ից մինչև 20։00-ն։ Յուրաքանչյուր տեխնիկական դասընթաց և դիզայնի աշխատարան ունի իր ժամանակացույցը։

Մեծամասամբ դիզայնի աշխատարանները տեղի են ունենում երկուշաբթիից մինչև ուրբաթ՝ 15։30-ից 20։00-ը։ Տեխնիկական դասընթացների մասնակիցները կարող են ընտրել սեփական ժամանակացույցը․ օրինակ՝ շաբաթական երկուսից երեք անգամ երեք ժամ տևող դասաժամեր։

Ի՞նչ եմ ես ձեռք բերում ծրագրին մասնակցելուց։

Թումո ստուդիաների կրթական ծրագրին մասնակցելով` դուք ստանում եք տեխնիկական և դիզայներական հմտություններ, ինչպես նաև ստեղծում սեփական իրերի հավաքածուն։

Դուք կսովորեք արհեստավարժ դիզայներներից ու արհեստավորներից, հնարավորություն կունենաք մասնակցել պրակտիկայի և ունենալ սեփական հանրային ցուցահանդեսը, ինչպես նաև ձեռք կբերեք աշխատանքի հեռանկարներ։

Ձեր ստեղծած իրերը կարող են դառնալ Թումո ստուդիաների հավաքածուի մաս։ Այդ իրերի վաճառքից գոյացած եկամուտի որոշ չափաբաժին կփոխանցվի ձեզ։ Ձեր ստացած գումարը կներառվի ձեր դեպոզիտում և կփոխանցվի ձեզ ծրագրի ավարտից հետո։

Ու՞մ են պատկանում Թումո ստուդիաներում ձևավորած և արտադրված իրերը։

Աշխատարաններում ստեղծված բոլոր իրերի հեղինակային իրավունքները պատկանում են Թումո ստուդիաներին։

Կարո՞ղ եմ մասնակցել դիզայնի աշխատարանի, եթե Թումո ստուդիաների հիմնական ուսանող չեմ։

Ծրագրին նոր ծանոթացողները կարող են մասնակցել դիզայնի անվճար աշխատարանի հավելյալ տեղերի հասանելիության դեպքում։ Աշխատարանից հետո ցանկության դեպքում կարելի է միանալ ամբողջական ծրագրի առաջին մոդուլին։

Միացիր

Լրացրեք Թումո ստուդիաներին միանալու համար դիմումը օնլայն կամ անձամբ ներկայանալով Ստուդիաներ:

Եթե ցանկանում եք անձամբ ներկայանալ, պայմանավորվեք` զանգահարելով 011203088 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ. հասցեին: